Կոնտակտային ոսպնյակների օգտագործման հիգիենա
- Մինչ կոնտակտային ոսպնյակը կրելը հարկավոր է ձեռքերը լվանալ օճառով, որի բաղադրության մեջ չկան յուղեր կամ օծանելիք, քանի որ դրանք կարող են Ձեր մատներից փոխանցվել կոնտակտային ոսպնյակների արտաքին շերտին և առաջացնել գրգռվածություն աչքերում: Լվացվելուց հետո ձեռքերը անհրաժեշտ է չորացնել անձեռոցիկով կամ սրբիչով, որը չի թողնում մազմզուկներ:
- Կոնտեյները, պետք է ամեն օր լվանալ կոնտակտային ոսպնյակի համար նախատեսված ախտահանող հեղուկով, ինչպես նաև դրանք ամեն անգամ հանելիս դատարկել կոնտեյներում եղած ախտահանող հեղուկը, դնել ոսպնյակը կոնտեյներում և ախտահանող հեղուկը լցնել այնպես, որ դրանք հեղուկի մեջ ամբողջությամբ ծածկվեն:
- Կոնտակտային ոսպնյակը պետք է դնել դիմահարդարվելուց առաջ և հանել վերջինս մաքրելուց հետո:
- Կոնտեյների փականների (կափարիչներ) վրա նշված են R (աջ) և L (ձախ) տառերը: Պետք է ուշադիր լինել և համապատասխան աչքի կոնտակտային ոսպնյակը կոնտեյների ճիշտ կողմում պահպանել:
- Կան կոնտակտային ոսպնյակներ, որոնք նախատեսված են մեկ ամիս շարունակ գիշեր-ցերեկ կրման համար (Night and Day), սակայն, հաշվի առնելով Հայաստանի կլիմայական անբարենպաստ պայմանները կոնտակտային ոսպնյակների երկարատև կրման համար, նույնիսկ այդպիսի ոսպնյակները նախընտրելի է առնվազն շաբաթը մեկ անգամ հանել աչքերից և մաքրել ախտահանող հեղուկով:
Ինչպես տեղադրել և հանել կոնտակտային ոսպնյակը
- Կոնտակտային ոսպնյակների տեղադրումը միշտ սկսեք աջ աչքից, հանելը նույնպես սկզբում աջ աչքից հետո ձախ։
- Կոնտեյներից կոնտակտային ոսպնյակը հարկավոր է հանել մատի բարձիկով (մատի ծայրով)՝ խուսափելով եղունգի կամ այլ սուր առարկայի միջամտությունից, որովհետև դրանք կարող են վնասել Ձեր կոնտակտային ոսպնյակը:
- Մինչ տեղադրելը հարկավոր է ստուգել՝ արդյոք կոնտակտային ոսպնյակը չի շրջվել հակառակ կողմով: Ճիշտ ձևը բաժակի տեսքով է, իսկ սխալը՝ դեպի դուրս ծալված ափսեի:
- Կոնտակտային ոսպնյակները կարող եք տեղադրել հետևյալ կերպ. նայել վերև, միջնամատով իջեցնել ներքևի կոպը, տեղադրել կոնտակտային ոսպնյակը:
- Կոնտակտային ոսպնյակը տեղադրելուց հետո նայեք ներքև,ապա աջ և ձախ և մի քանի անգամ թարթեք աչքերը: Կարող եք կարճ ժամանակով փակել Ձեր աչքերը և կոպի վրայից մատների միջոցով զգուշորեն փորձել ուղղել ոսպնյակի դիրքը այնպես, որ Ձեր աչքի բիբն ու ոսպնյակը հարմարվեն: Եթե տեղադրումից հետո զգում եք անհարմարություն, ապա հանեք այն և կրկին դրեք:
- Կոնտակտային ոսպնյակները հանելու համար նայեք վերև, միջնամատով իջեցրեք ներքևի կոպը։ Ցուցամատի սահուն շարժումով տեղաշարժեք կոնտակտային ոսպնյակը դեպի ներքև։ Բութ մատի և ցուցամատի օգնությամբ զգուշորեն սեղմեք կոնտակտային ոսպնյակը և հանեք այն աչքից։
Չի կարելի՝
- կրել կոնտակտային ոսպնյակ, եթե ունեք հարբուխի ախտանիշներ կամ աչքերի բորբոքվածություն,
- կոնտակտային ոսպնյալները լվանալ հոսող ջրով,
- կրել կոնտակտային ոսպնյակները նշված ժամկետից ավել, նույնիսկ եթե դրանք հարմարավետ են,
- դնել նոր ոսպնյակները հին լուծույթով հին կոնտեյների մեջ,
- լողավազանում կոնտակտային ոսպնյակներ կրելու դեպքում անպայման կրեք նաև լողի ակնոցներ,
- կրել ուրիշի կոնտակտային ոսպնյակը, մանավանդ, եթե տվյալ անձն արդեն օգտագործել է այն,
- կրել կոնտակտային ոսպնյակները սոլյարիում,
- վերցնել կոնտակտային ոսպնյակը եղունգով կամ այ սուր առարկայով։